«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Փարիզը հակաթուրքական դաշինք է կազմում

Փարիզը հակաթուրքական դաշինք է կազմում
16.02.2021 | 09:07

Անկարան մեծ հույս ուներ, որ կհրավիրվի Աթենքի համաժողովին, որին հրավիրված էին Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ավելին՝ ինքն էր կոչ անում՝ Արևելյան Միջերկրականի ճգնաժամից ելք գտնելու համար միջազգային գիտաժողով հրավիրել: Սկզբում ամեն ինչ լավ էր: Հունվարի 25-ին, գրեթե հնգամյա ընդմիջումից հետո, Հունաստանի և Թուրքիայի միջև վերսկսվեցին նախնական շփումները: Բանակցությունների իրական բովանդակությունը պաշտոնապես չի ներկայացվել, սակայն հունական կողմը պնդել է, որ միայն ծովային գոտիների սահմանազատման հարցն է քննարկվել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և առաջարկել պահպանել «կառուցողական երկխոսությունը»:

Բացի այդ, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, նախատեսվում է մարտին Կիպրոսի խնդրի շուրջ ոչ պաշտոնական շփումներ անցկացնել: Եվ հանկարծ նրանք որոշեցին գործընթացից դուրս թողնել Թուրքիային, չնայած, կարծես թե, սուր խնդիրները լուծելու ջանքերը համակարգելու նախադրյալներ էին ձևավորվում: Փոխարենը նրանք ընդունել են թեզ, որով դատապարտվում է Թուրքիայի` տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խարխլող ապօրինի գործողություններն Արևելյան Միջերկրական ծովում: Ըստ թուրքական որոշ աղբյուրների, Վաշինգտոնը միջամտել է իրադարձությունների ընթացքին, փորձելով կանխել՝ Թուրքիայի արտաքին նոր քաղաքական հայեցակարգում Անկարայի` ԵՄ-ից կառչելու հնարավորությունը՝ արգելափակելով դրական օրակարգը, որը Բրյուսելը փորձում է ստեղծել Թուրքիայի հետ»: Հետևաբար, Աթենքում կազմակերպված հանդիպումն ավելի շատ՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցություն սկսելու նպատակ ուներ:

«Պատահական չէ, – գրում է Daily Sabah-ը, – որ Անկարան մեղադրում է Հունաստանին ու Ֆրանսիային, Պարսից ծոցի որոշ երկրներին՝ «հակաթուրքական դաշինք ստեղծելու» մեջ: Եթե այո, ո՞վ կարող է գլխավոր դեր խաղալ: Դժվար թե Հունաստանը, որ աշխարհաքաղաքական լայն շրջանակում տարածաշրջանային քաղաքականություն վարելու անհրաժեշտ ռեսուրսներ չունի: Ակնհայտ է, որ առաջնագծում Ֆրանսիան է։ Ըստ Le Figaro-ի, «Ֆրանսիան պատրաստ է փրկել Եվրոպայի պատիվը, չնայած մինչ վերջերս նա ռազմավարական հավակնություններ չուներ Մերձավոր Արևելքում և հետ էր մնում ամերիկյան շահերից»: Միայն համեմատաբար վերջերս, երբ այդ տարածաշրջանում ԱՄՆ–ի ազդեցության թուլացումն ակնհայտ դարձավ բոլորի համար, Փարիզում մարդիկ հիշեցին տարածաշրջանում ֆրանսիացիների ներկայության հարուստ պատմությունը՝ Նապոլեոն Բոնապարտի եգիպտական արշավը (1798 - 1801), 19-րդ դարում գաղութային մրցակցությունը, սեփական մանդատային տարածքները՝ 1920-1930-ականներին: 1956-ի Սուեզի ճգնաժամից հետո Փարիզը ստիպված եղավ զոհաբերել իր ամենալուրջ հավակնությունները Մերձավոր Արևելքի պետությունների նկատմամբ և վերասահմանել նրանց հետ հաղորդակցության ձևաչափը: Փորձագետների կարծիքով, այս որոնումը շարունակվում է նաև այսօր, երբ ֆրանսիական դիվանագիտության ուժը փորձարկվում է տարբեր իրադարձությունների միջոցով, որոնց կենտրոնում Մերձավոր Արևելքն է: Իրականում Ֆրանսիան չի փորձել «հեռանալ», այլ փորձել է ԵՄ հարավային թևում հիմք ձեռք բերել իբրև ոչ ֆորմալ առաջնորդ՝ իրեն համարելով Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև կամուրջ: Այս պահին Ֆրանսիան հանդես չի գալիս որպես Մերձավոր Արևելքի հիմնական եվրոպական գործընկեր, և «եվրո-միջերկրածովյան-մերձարևելյան» նախագծերի վերաբերյալ որևէ միավորող կոչ չի անում: Փարիզը ձգտում է պահպանել իր ներկայությունն այն երկրներում, որտեղ դեռևս ներուժ ունի ինքնուրույն հանդես գալու՝ ինչպես Լիբիայում, Լիբանանում, Ալժիրում, Արևմտյան Աֆրիկայում, Մարոկկոյում, Թունիսում և Եգիպտոսում: Ֆրանսիայի հզորությունը անբավարար է իրական ուժ լինելու համար՝ օրինակ Արևելյան Միջերկրական ծովում և Սիրիայում, որտեղ սահմանափակ հնարավորություններ ունի՝ իրավիճակը լուծելու համար, «իրանական դոսյեում»:


Փաստ է, որ Փարիզը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ից բացի այլ դաշնակից չունի և չի կարողանա Թուրքիայի հետ անկախ քաղաքականություն կառուցել։ Ֆրանսիան չի թաքցնում իր պատմական նախանձը տարածաշրջանում Անկարայի ակտիվ քաղաքականության նկատմամբ, որը բոլորին ստիպում է իր շուրջը պտտվել: Թուրքիային սպառնացող վտանգն այն է, որ Ֆրանսիայի պոտենցիալ քաղաքականությունը կարող է Մեծ Մերձավոր Արևելքում պետական սահմանների վերանայման խնդիր ստեղծել, իսկ քրդերը կարող են նոր դիվանագիտական խաղի հերթական գլուխկոտրուկը դառնալ: Պատահական չէ, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները պարբերաբար մատնանշում են՝ Օսմանյան կայսրության բաժանման մասին 100 տարի առաջ հաստատված պայմանագրերը: Թուրքիայի նախկին տարածքում տեղի ունեցած բազմաթիվ արյունալի բախումները բազմաթիվ մասնագետների ստիպում են վերադառնալ պատմական աղբյուրներին՝ տարածաշրջանը «վառոդի տակառի» վերածելու պատճառները որոնելու համար: Այստեղից էլ բազմաթիվ կանխատեսումները Սիրիայի, Լիբանանի, Լիբիայի և նույնիսկ Թուրքիայի փլուզման վերաբերյալ: Ֆրանսիացի պատմաբաններից մեկի խոսքով, Բրիտանիան և Ֆրանսիան պատասխանատու են տարածաշրջանում տեղի ունեցածի համար` «Մենք կառուցեցինք Մերձավոր Արևելքը, մենք կկործանենք»:


Առայժմ Փարիզը նախընտրում է գործել եվրոպական համայնքի նախաձեռնությունների շրջանակներում՝ վախենալով հակասել ԱՄՆ շահերին: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում փոխվում է, և դա շատ զգալի է: Այդ քաղաքականությունը ներդրվում է աշխարհաքաղաքական նոր իրողության մեջ, որը ձևավորվում է Մերձավոր Արևելքում՝ Ջո Բայդենի նախագահությամբ «նոր աշխարհակարգի» ձևավորման համատեքստում: Թուրքիան նույնպես ստիպված է բարդ և նույնիսկ պատմական արտաքին քաղաքական խնդիրներ լուծել:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Իսկ ու՞ր մնաց հակաթուրքական դաշինքը: Դե ֆակտո՝ Եվրոպայում Էրդողանի Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու խնդիր ունեն բոլոր երկրները, և յուրաքանչյուրը յուրովի է փորձում լուծել այդ խնդիրը: Ավանդական մուլտիլատերալիզմն ու տոլերանտությունն այլևս մոդայիկ չեն, մոդայիկ են պոպուլիզմն ու ազգայնականությունը: Դա մասամբ օգնում է պայքարել ագրեսիվ մուսուլմանների դեմ, որ Էրդողանն անվանում է իսլամաֆոբիա: Ամբողջ ԵՄ-ում միայն Էմանուել Մակրոնն է արգելել թուրքական ահաբեկչական «գորշ գայլեր» կազմակերպությունը, միայն Մակրոնն է արգելել, որ Թուրքայի կառավարությունը նշանակի Ֆրանսիայի մուսուլմանական դպրոցների ուսուցիչներին ու մզկիթների իմամներին: Արգելվել են նաև Թուրքիայից ֆինանսավորվող և բարեգործական համարվող, իրականում արմատական իսլամ դավանող կազմակերպությունները: Եվ այս ամենն անելու համար Մակրոնը չի հարցրել ոչ Մերկելի, ոչ էլ Թրամփի կարծիքը: Մակրոնը միակն էր ԵՄ-ում, որ Էրդողանի հերթական էքսպանսիայից հետո հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է և ալյանսի առաջ հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անելու, եթե առաջանա 5-րդ հոդվածով գործելու անհրաժեշտություն, միակն էր, որ պահանջեց ՆԱՏՕ-ից քննարկել Թուրքիայի վարքագիծը՝ իբրև դաշինքի անդամի, որ ալյանսի հետ չի համաձայնեցնում իր ռազմական արշավանքները և վարկաբեկում է ՆԱՏՕ-ին: Արդյունքում հենց Յենս Ստոլտենբերգի միջնորդությամբ էին բանակցում Աթենքն ու Անկարան Արևելյան Միջերկրականի հարցով: Բանակցություններ, որոնց արդյունքները չբարձրաձայնվեցին: Փարիզը կարող է նախաձեռնել հակաթուրքական դաշինք, բայց որոշիչը Բրյուսելի ընդհանրական տեսակետն է՝ իբրև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մայրաքաղաք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 107385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ